chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռոբերտ Աղասարյան. ՙ ՇԱԽՄԱՏԸ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՐԵՐՔՆԵՐՆ ԵՆ...՚

2021-Feb-28
 Ռոբերտ Աղասարյան. ՙ ՇԱԽՄԱՏԸ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՐԵՐՔՆԵՐՆ ԵՆ...՚

Ոչ միայն շախմատի մասին

Ռոբերտ Աղասարյան. ՙ ՇԱԽՄԱՏԸ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՐԵՐՔՆԵՐՆ ԵՆ...՚

- Ռոբե’րտ, շնորհավորում եմ քեզ գրոսմայստեր դառնալու առթիվ: Ինչպե՞ս ընդունեցիր կոչումը ստանալուդ լուրը:

- Շնորհակալ եմ: Գրոսմայստեր դառնալը նպատակներիցս մեկն էր, ես միշտ ասում էի, որ շատ եմ ցանկանում այդ կոչումը ստանալ: Եվ այսօր ցանկությունս արդեն իրականացել է: Շատ էի ուրախացել, բարեկամներս, ընկերներս նույնպես ուրախ էին, զանգում էին, շնորհավորում:  

Գրոսմայստեր դառնալը, բնականաբար, անսպասելի չէր: 2013 թվականին նորման լրացրեցի Մոսկովյան օփենում, ապա` Եվրոպայի առաջնությունում, իսկ 2014-ին` կրկին Մոսկովյան օփենում: Եվ արդեն դարձա գրոսմայստեր:


- Կհիշե՞ս, թե ինչպես սկսեցիր շախմատով հետաքրքրվել:

- Ես այդ ժամանակ մոտավորապես յոթ տարեկան էի: Մի օր տեսա, թե ինչպես է պապիկս իր ընկերոջ հետ շախմատ խաղում, հետաքրքրված սկսեցի հետեւել նրանց: Պապիկս նկատեց իմ հետաքրքրությունը եւ սովորեցրեց խաղաքարերի քայլերը: Դրանից հետո գնացի մեզ մոտ` Երրորդ մասում, շախմատային խմբակ, որտեղ առաջին մարզիչս ընկեր Լալայանն էր: Նրա շնորհիվ ես ավելի շատ տարվեցի խաղով եւ սկսեցի ավելի լուրջ պարապել: Շատ ուրիշ մարզիչներ էլ եմ ունեցել, մարզվել եմ Ռոման Հակոբովի, Վահագն Խաչատրյանի, Վլադիմիր Հայրապետյանի, Արսեն Եղիազարյանի մոտ: Այժմ ՙԿաիսա՚ շախմատային դպրոցում եմ պարապում, մարզիչս Տիգրան Նալբանդյանն է: Նրանք բոլորն իմ հիմնական մարզիչներն են եղել, բայց կոնկրետ մրցաշարերի ժամանակ այլ մարզիչների հետ էլ եմ զբաղվել: Պետք է ասեմ, որ բոլոր մարզիչներս էլ մեծ ներդրում են ունեցել իմ շախմատային կայացման մեջ:  

- Կպատմե՞ս քո առաջին մրցաշարերից, հաջողություններից:

- Առաջին մրցաշարումս չորրորդ կարգային դարձա: Երրորդ կարգին որոշ դժվարություններով եմ հասել, բայց շատ էի ոգեւորվել: Երեք անգամ եղել եմ Հայաստանի պատանիների չեմպիոն` Մ10, Մ12, Մ18, 2004-ին դարձել եմ Եվրոպայի Մ10 չեմպիոն, 2006-ին էլ` աշխարհի Մ12: Ամենակարեւոր հաղթանակս համարում եմ 2010 թվականին Թուրքիայում անցկացված պատանիների համաշխարհային օլիմպիադան, որտեղ մենք Հայաստանի հավաքականով չեմպիոն դարձանք: Իհարկե, ես շատ հաջող եմ խաղացել 2006 թվականին, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Բայց կարեւորում եմ Թուրքիայում գրանցած հաջողությունը, քանի որ ինչքան մեծանում եմ, այդքան ավելի շատ եմ արժեւորում կյանքումս տեղի ունեցող ամեն ինչ: Ես այժմ ավելի շատ եմ գնահատում հաղթանակներս, քան տարիներ առաջ:  

- Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիր, որ լրջորեն զբաղվելու ես շախմատով:

- Իրականում ես միշտ էլ շատ լուրջ եմ վերաբերվել շախմատին: Միգուցե այլ շախմատիստներից տարբերվում եմ նրանով, որ ֆիզկուլտինստիտուտում չեմ սովորում, բայց դա կապ չունի: Շախմատն իմ տարերքն է: Շախմատի մեջ խորանալու որոշմանս հստակ օր չեմ կարող ասել, երեւի երբ տասը տարեկան հասակում Հայաստանի չեմպիոն դարձա, այդ ժամանակ արդեն լուրջ նպատակ ունեցա` շախմատով առաջ գնալու:

- Իսկ որտե՞ղ ես սովորում:

- Հայկական բժշկական ինստիտուտում, բուժական ֆակուլտետում, որը բժշկական տարբեր մասնագիտությունների հեռանկար է տալիս: Բայց ես դեռ իմ ճյուղը չեմ ընտրել: Ընդունվեցի այստեղ, քանի որ հայրս բժիշկ է, եւ ես փոքր հասակից առնչվել եմ բժշկությանը, միշտ շատ եմ սիրել: Այդպես որոշեցի, որ կարող եմ շախմատիստ դառնալուց բացի բժիշկ էլ դառնալ, ինչո՞ւ ոչ: Գիտեմ, որ համատեղելը շատ դժվար է, մաշկիս վրա զգացել եմ բոլոր բարդությունները: Այժմ ես բանակում եմ` մարզական գումարտակում, եւ մոտ երկու տարի է` չեմ հաճախում համալսարան, սակայն փորձ ունեցել եմ ուսումն ու շախմատային մրցաշարերը համատեղելու, ինչը բոլորովին հեշտ չէր: Բայց աշխատել եմ ամեն ինչ անել, որ ոչ մի կողմը չտուժի: Ես բժշկության մեջ խորանալ դեռ նոր եմ սկսում, իսկ շախմատով արդեն 14 տարի է զբաղվում եմ եւ երկուսն էլ հավասարաչափ եմ սիրում: Ե’վ շախմատը, ե’ւ բժշկությունը իմ գլխավոր տարերքներն են, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց դրանցից մեկի: Համենայն դեպս դժվար թե մի օր գա, որ ես շախմատով չզբաղվեմ:  

- Ռոբերտ, ո՞րն ես համարում քո ամենահաջողված պարտիան:

- Ես իմ շատ պարտիաներն եմ արժեւորում, քանի որ ամեն խաղից մի նոր բան եմ սովորում: Բայց իմ փոքր ժամանակվա պարտիաներն այդքան էլ որակյալ չեն, այսպիսով մեկ ուրիշը կասեմ: 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում սեւերով հաղթեցի ադրբեջանցի շախմատիստին: Համարում եմ, որ շատ լավ տարա այդ պարտիայի ուղղությունը, հաջող խաղացի:

- Դարձար գրոսմայստեր, ո՞րն է քո հաջորդ քայլը, ի՞նչ մոտակա ծրագրեր ունես:

- Մոտակա օրերին մրցաշար չկա, ամենամոտը հունիսին կայանալիք Կարեն Ասրյանի հուշամրցաշարն է: Մինչ այդ կաշխատեմ լավ պարապել, որպեսզի հաջող հանդես գամ: Իմ գլխավոր մտածմունքն այժմ վարկանիշս բարձրացնելն է, ուզում եմ հասցնել 2600-ի: Դրա համար որոշել եմ մասնակցել շատ մրցաշարերի, որքան հնարավոր է շատ խաղալ ուժեղների հետ: Որքան ավելի շատ ես ուժեղների հետ խաղում, այդքան ավելի շատ ես փորձ ձեռք բերում, կարծում եմ` սա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Նաեւ պետք է շատ պարապեմ, կատարեմ սեփական պարտիաներիս վերլուծություններ, որպեսզի ընդհանուր խաղային մակարդակս բարձրանա:  

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՙՇախմատային Հայաստան՚, No 18 (1117), 2014 թ.

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր