chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռոբերտ Ամիրխանյան. ՙԵս շախմատով պետք է հիանամ, բայց ոչ զբաղվեմ...՚

2020-Sep-28
Ռոբերտ Ամիրխանյան. ՙԵս շախմատով պետք է հիանամ, բայց ոչ զբաղվեմ...՚

Շախմատը մեր կյանքում

 

Ռոբերտ Ամիրխանյան. ՙԵՍ ՇԱԽՄԱՏՈՎ ՊԵՏՔ Է ՀԻԱՆԱՄ, ԲԱՅՑ ՈՉ ԶԲԱՂՎԵՄ...՚

 

Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համոզմամբ մեր իրական սերերը տարիների հետ են բյուրեղանում: ՙՄի օր գիտակցեցի, որ շախմատն իմ իրական սերերից մեկն է եղել եւ կա...՚,- նշում է կոմպոզիտորը: Ե’վ շախմատի պարտիայում, ե’ւ երաժշտության մեջ Ամիրխանյանին հետաքրքրում է գործընթացը եւ ոչ արդյունքը: Միգուցե հենց այդ պատճառով մենք ունենք Ռոբերտ Ամիրխանյան կոմպոզիտոր, եւ ոչ շախմատիստ: Պատասխանում է ինքը` Ամիրխանյանը:

 

 

 

 

- Պարո’ն Ամիրխանյան, շախմատ սիրո՞ւմ եք: Ինչպե՞ս եք սովորել խաղալ:

 

- Չփորձեմ կոկետություն անել եւ կասեմ, որ այո, սիրում եմ: Ես համարում եմ, որ մարդ իր մայրենի լեզուն, իր ազգային երաժշտությունը չի սովորում, դրանք պարզապես մի օր արթնանում են նրա մեջ: Նման կերպ շախմատը զարթնել է իմ մեջ:

 

Ճիշտ է` շախմատը հնդկական խաղ է, իր մեջ հայկական արմատներ չունի, բայց այն մոտ է հայ ժողովրդի ազգային նկարագրին հեռանկար տեսնելու հատկության շնորհիվ: Շախմատի գլխավոր բաղադրիչը մի քանի քայլ առաջ մտածելն է, եւ հայ ժողովրդի ստեղծագործական քանքարը մշտապես կառուցված է եղել հեռանկար տեսնելու ունակության վրա:

 

Ես շատ փոքր հասակից եմ հետաքրքրվել շախմատով: Իսկ քայլերը սովորել եմ ինքնուրույն, քանի որ մեր կյանքի բոլոր կարեւոր գործերը մենք մենակ ենք անում: Իմ խորագույն համոզմամբ աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ բացահայտվեն աշխարհի բոլոր գաղտնիքները: Իսկ այդ գաղտնիքներից մեկը հենց շախմատի ֆենոմենն է:

 

- Ձեր մտքով երբեւէ չի՞ անցել շախմատիստ դառնալ:

 

- Գիտեք, ես նույնիսկ չեմ երազել կոմպոզիտոր դառնալու մասին: Ինձ համար կարեւոր է երաժշտության ստեղծման գործընթացը, շախմատի պարտիայի ժամանակ մտածելը: Գործընթացի եւ ոչ թե արդյունքի վրա կենտրոնանալը արվեստի երեւույթ է: Բացի այդ, ես երբեք նպատակ չեմ ունեցել որեւէ մեկին հաղթել: Հաղթել` նշանակում է հաջորդ անգամ պարտվել: Ես միշտ մտածում եմ, որ դիմացինս ինձանից ավելի խելացի է, ավելի լավ կվարի պարտիան, ես նրանից սովորելու բան կունենամ, եւ հաճախ որոշում եմ նրա հետ չխաղալ, քանի որ նա կարող է իրականում ինձանից վատ խաղալ:

 

- Տիգրան Պետրոսյանին երբեւէ հանդիպե՞լ եք:

 

- Չեմ հանդիպել, բայց ապրել եմ նրանով: Այնքան մեծ ոգեւորություն էի ապրում, երբ նրա սառնության, ամրության, երկաթայնության մեջ տեսնում էի լույս, բարություն եւ ժպիտ: Ես նրան զայրացած դեմքով չեմ պատկերացնում: Բռնցքամարտի վարպետին երբեք չենք տեսնի փողոցում ծեծկռտուք անելիս, քանի որ նա գիտի, թե որքան ուժեղ է: Տիգրանի մեջ էլ կար սեփական ուժի գիտակցումը: Տիգրանը երբեք խնդիր չէր ունենում գրգռված կերպով ինչ-որ մեկին հաղթել: Հակառակը` նա ամեն ինչ անում էր, որ դիմացինն իրեն կարողանար դրսեւորեր: Նա անում էր այն, ինչ իրեն դուր էր գալիս: Տիգրան Պետրոսյանն ինձ համար բոլոր ժամանակների շախմատիստներից էլ վեր է:

 

- Այսօր շախմատ խաղո՞ւմ եք:

 

- Այսօր ես շատ ուրիշ հարցերի մեջ եմ շախմատ խաղում (ժպտումէ): Փորձում եմ կառուցել ծրագիր, հասկանալ դիմացինին: Ցավոք, իրական շախմատի համար ժամանակ չի մնում:

 

- Երբեւէ շախմատիստի հետ խաղացե՞լ եք:

 

- Մտքով ես շատ անգամ Կապաբլանկայի հետ եմ խաղացել (ծիծաղում է): Եվ մեր պարտիաները միշտ ավարտվում էին նրանով, որ ես սկսում էի նրա համար նվագել, որպեսզի չտխրի ինձ պարտվելու պատճառով: Չեմպիոնների հետ միաժամանակյա խաղաշարերի երբեք չեմ մասնակցել, քանի որ դա անհավասար կռիվ է: Մասնագետի եւ սիրողի միջեւ պայքարի մեջ արդեն որոշված բան կա: Նման դետեկտիվներն ինձ համար չեն:

 

- Շախմատի եւ երաժշտության համադրման փորձ ունեցե՞լ եք:

 

- Այո’: Տարիներ առաջ քաղաքական գործիչ Գեորգի Շահնազարովի ՙՇախմատ՚ անունը կրող պիեսի հիման վրա երաժշտություն եմ գրել: Հեղինակի ասելով` պիեսը միայն կարդալու համար է եւ ոչ բեմադրելու, բայց մենք փորձեցինք այն կյանքի կոչել: Ցավոք, ներկայացումը չբեմադրվեց: ԽՍՀՄ տարիներին նման բաներին շատ լուրջ էին վերաբերվում: Եզրակացրին, որ սեւերի եւ սպիտակների պայքարը սոցիալիզմի եւ կապիտալիզմի կռիվն է, իսկ քանի որ ներկայացումը ոչ-ոքիով էր ավարտվելու, այն փակեցին ` ասելով, որ սոցիալիզմը չի կարող հավասար լինել կապիտալիզմին: Մնաց շախմատի հիմնը` արքայի եւ թագուհու միասնական արիան, որը հնչեց Երեւանում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամանակ եւ ջերմ ընդունելության արժանացավ: Կուզենայի այժմ բեմադրել այդ ներկայացումն ամբողջությամբ:

 

- Շախմատի հետ կապված ուրիշ ի՞նչ կհիշեք:

 

- Ամբողջ կյանքիս ընթացքում սիրել եմ շախմատային հավաքածուներ նվիրել: Եվ ոչ միայն մտերիմներիս, այլեւ ինքս ինձ: Ժամանակին ինձ համար փոքրիկ մագնիսով կառուցված շախմատ էի վերցրել, որով շատ հարմար էր զբաղվել օդանավերում, քանի որ ոչ մի ցնցում խաղաքարերը չէր տեղաշարժում:

 

- Ի՞նչ կասեք այսօրվա շախմատային հաջողությունների մասին:

 

- Ես միշտ մի բան եմ ասում` եթե դու տաղանդավոր ես, դու քո երկրի հարստությունն ես, եթե անտաղանդ ես` դա միայն քո խնդիրն է: Մենք տաղանդավոր շախմատիստներ, ժողովրդի հպարտություններ շատ ունենք: Անշուշտ, ուշի-ուշով հետեւում եմ, թե ինչ են նրանք անում: Մեծ հպարտության առիթ է, որ աշխարհի առաջատար շախմատիստների մեջ մեր ազգի ներկայացուցիչներից կան: Աշխարհը պարզապես խանդում է մեր փոքր ազգի մեծ շախմատիստներին:

 

- Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տանել երաժշտության եւ շախմատի մեջեւ:

 

- Երբ երաժշտություն ես ստեղծում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է այս կամ այն ձայնն այցելում իրեն: Երաժշտության մեջ դոմինանտն ինտուիցիան է, դու չես կարող ինչ-որ հաշվարկով ճշտել, թե որն է ամենահամապտասխան ձայնը, որը կամբողջացնի երաժշտությունը: Շախմատում ճիշտ հակառակն է, այստեղ կա բացարձակ ճշգրիտ հաշվարկ, ծրագիր, եւ ինտուիցիան, ըստ իս, այդքան մեծ դեր չի խաղում:

 

- Եթե ամփոփենք, ի՞նչ է Ձեզ տվել շախմատը:

 

- Շախմատն ինձ տվել է մեծագույն գիտակցում, որ ես դրանով չպիտի զբաղվեմ, այլ պետք է հիանամ: Հիանամ այնպես, ինչպես մենք հիանում ենք աշխարհի բարձրագույն նվաճումներով: Ե’վ երաժշտության, ե’ւ շախմատի մեջ կա հետեւյալը. մարդ կա, որ պետք է արարի, մարդ կա, պետք է կիրառի, իսկ մարդ էլ կա, որ պետք է կողքից նայի: Երաժշտության դեպքում ես արարողն եմ, իսկ շախմատի` կողքից նայողը...

 

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

ՙՇախմատային Հայաստան՚, No 19 (1118), 2014 թ.