chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

<<Շախմատային Հայաստանի>> հարցազրույցը Աշոտ Վարդապետյանի հետ

2021-Feb-28
<<Շախմատային Հայաստանի>> հարցազրույցը Աշոտ Վարդապետյանի հետ

- Պարոն Վարդապետյան, արդեն երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնության գլխավոր մրցավար եք նշանակվում։ Ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կային Անանդ-Կարլսեն եւ Անանդ-Գելֆանդ մրցախաղերի միջեւ։

- Նման էր այն, որ երկուսն էլ աշխարհի առաջնություն էին, երկուսում էլ կար Վիշվանաթան Անանդը։ Բայց տարբերությունները շատ էին։ Անանդ-Կարլսեն հանդիպումը պատմական էր. չեմպիոն դարձավ մի շախմատիստ, ով երկար ժամանակ է, ինչ վարկանիշով առաջինն է աշխարհում։ Շախմատային աշխարհի համար այս մրցախաղը նույնքան կարեւոր էր, որքան ժամանակին Ֆիշեր-Սպասսկի հանդիպումը, քանի որ փոխվեց սերունդ, եկան նոր գաղափարներ եւ մոտեցումներ։ Այս հանդիպումը կմնա պատմության մեջ, ինչպես շատ շախմատիստներ են նկատել, որպես մի մրցախաղ, որում մասնակիցների կողմից ոչ մի նորույթ չկիրառվեց։ Եղավ պարզապես բարդ խաղ։

- Ինչպե՞ս էր կազմակերպված մրցախաղը։

- Տպավորված եմ կազմակերպիչներից, քանի որ հոյակապ մրցախաղ էր։ Բոլորը գոհ մնացին այդ առումով, նույնիսկ Կարլսենը վերջում նշեց, որ նա երբեք այդքան լավ կազմակերպված մրցումներ չէր տեսել։ Մեր բոլոր խնդիրները լուծվում էին շատ արագ։ Եվ ոչ միայն շախմատային հարցերով: Օրինակ` կազմակերպիչները լավ իմանալով, որ ես դիաբետիկ խնդիրներ ունեմ, ինձ համար հատուկ քաղցրավենիքներ էին բերում խաղից առաջ։


Շատ լավ էր կազմակերպված այն, որ մրցակիցներից յուրաքանչյուրն իր վերելակով էր իջնում խաղասրահ` ճանապարհին ոչ ոքի չհանդիպելով։ Այդ տարածքը փակ էր, բանալիները միայն ինձ մոտ էին, բացառված էր, որ ինչ-որ մեկը խանգարեր խաղի ընթացքը։ Գրոսմայստերներին մեկուսանալու համար պայմաններ էին տրամադրել, որպեսզի նրանք շփվեն միայն իրենց թիմի անդամների հետ։ Անանդը օգտվեց այդ հնարավորությունից եւ, կարծեմ, ամբողջ ընթացքում հյուրանոցից դուրս չեկավ: Իսկ Կարլսենը հանգստյան օրերն անցկացնում էր օվկիանոսի ափին գտնվող մի վիլլայում, չգիտեմ` վարձել էր, թե իրեն տրամադրել էին այն։ Նա իր ընկերների հետ այստեղ ֆուտբոլ ու բասկետբոլ էր խաղում, լիցքաթափվում էր։


Հնդկաստանը միլիարդանոց երկիր է, մարդկանց քանակի հետ խնդիրներ չունի։ Եթե պետք էր ընդամենը մեկ դրոշ ամրացնել, 15 հոգի էր անում այդ գործը։ Մարդկային քանակի հետ կապված մի միջադեպ եղավ: Ինձ ծանոթացրին Չեննայի դպրոցներից մեկի տնօրենի հետ, ով շախմատի զարգացման մեջ ծառայություններ ուներ։ Շատ մեծ դպրոց էր, եւ տնօրենն ասաց, որ 12 հազար աշակերտ ունեն։ Ես հատուկ հարցրի՝ տասներկո՞ւ, թե՞ հարյուր քսան հազար, իսկ երբ նա լուրջ դեմքով ասաց` 12, ես ժպտալով հարցրի` ինչո՞ւ այդքան քիչ։

- Ասում են, որ Կարլսենը շախմատիստի պատկերացման կարծրատիպեր է կոտրում։ Այդպե՞ս է։


- Կարլսենը իր բնույթով էներգետիկ հարուստ ռեսուրսներ ունի։ Ես գիտեմ, որ նա Նորվեգիայի քաղաքներից մեկի ֆուտբոլային ակումբում է խաղացել։ Նրա ամբողջ առօրյան ակտիվ է։ Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նրան հարցազրույցի ժամանակ հարցրին՝ ի՞նչ ես անելու առաջին հերթին, ինչպե՞ս ես տոնելու հաղթանակը։ Կարլսենը սկսեց կմկմալ, ոչ մի կերպ չէր կողմնորոշվում ասելիքի մեջ։ Կողքից հուշում էին` շամպայն կխմե՞ս, կզանգե՞ս ինչ-որ մեկին, կգրկե՞ս։ Կարլսենը էլի երկար մտածեց, բայց ոչ մի կերպ պատասխանը չգտավ, ասաց` չգիտեմ։ Նրա ընկերներն իր փոխարեն որոշեցին, թե ինչ է պետք անել. վերցրին Կարլսենին եւ շպրտեցին ջուրը։ Աշխարհով մեկ տարածվեց այդ լուսանկարը, թե ինչպես է չեմպիոնը ջրի մեջ շորերով տոնում իր հաղթանակը։

- Մեր նախորդ հանդիպման ընթացքում Դուք բացատրում էիք, թե ինչպես է ՖԻԴԵ-ն հանդիպման գլխավոր մրցավար ընտրում՝ ամեն կողմ կազմում է հինգ մրցավարից բաղկացած ցուցակ։ Ձեզ հայտնի՞ է, թե խաղացողները Ձեզ որ տեղն էին հատկացրել իրենց ցուցակներում։

- Ստույգ ոչինչ չգիտեմ, քանի որ այդ ինֆորմացիային տիրապետում են ՖԻԴԵ-ում մի քանի հոգի միայն։ Բայց ականջի ծայրով լսել եմ, որ երկու խաղացողներն էլ ինձ առաջին տեղում են դրել։


Ես ինձ լավ եմ զգում, երբ խաղացողները վստահում են ինձ։ Ասեմ նաեւ, որ Կարլսենի հայրը ինձ երկու անգամ մոտեցավ` մրցախաղի վերջում եւ փակման արարողության ժամանակ, եւ ջերմորեն շնորհակալություն հայտնեց վստահ անցկացրած մրցախաղի համար։ Անանդի կողմը, տրամադրություն չունենալու պատճառով, ավելի զուսպ շնորհակալ եղավ։

- Դժվարություններ եղա՞ն մրցախաղի ընթացքում։


- Մրցավարական դժվարություններ բացարձակ չեն եղել, քանի որ խաղացողները ոչ մի խնդիր չեն ստեղծել, շարժվել են մեր պահանջներով։ Առաջին երկու օրը նախապատրաստման աշխատանքներն էին մի փոքր դժվար, քանի որ առանց հանգստանալու մինչեւ գիշեր աշխատում էինք, որ ամեն ինչ անթերի լինի։


Մի հետաքրքիր իրավիճակ կարող եմ ասել, որը թվացյալ դժվարություն էր՝ մեր մտածած խնդիրը չեղավ։ Եթե չեմ սխալվում 7-րդ պարտիայի օրն էր, Անանդը եւ Կարլսենը պարտիայից առաջ մոտ երկու րոպե նստած էին իրենց տեղերում։ Պարտիայի սկզբին մնացել էր 53 վայրկյան, երբ Կարլսենը վեր կացավ եւ գնաց դեպի զուգարանի սենյակը։

Ըստ պայմանավորվածության, իմ տեղակալը` իսրայելցի Ալմոգ Բուրշտեյնը, պետք է սեղմեր ժամացույցի կոճակը սահմանված ժամը լրանալուն պես։ Իսկ մենք գիտենք, որ եթե այդ պահին խաղացողն իր տեղում չէ, նրան գրանցվում է պարտություն։ Երեւի 13 վայրկյան էր մնացել, երբ Կարլսենը ետ եկավ իր տեղը։ Բայց այդ 40 վայրկյանների ընթացքում, ինչպես հետո խոստովանեց Բուրշտեյնը, նրա մտքով հազարավոր հնարավոր տարբերակներ անցան` ընդհուպ մինչեւ իր` շախմատից հեռանալը, մրցավարությունը թողնելը։ Այդ պահը նման էր նրան, երբ մարդը մեռնելուց առաջ վերհիշում է իր ամբողջ կյանքը։ Ես գրի եմ առել Բուրշտեյնի պատկերացրած տարբերակները, մի առիթով կհրապարակեմ դրանք։


Ես էլ էի լարված Կարլսենի բացակայության ժամանակ, բայց տեղակալիս չափ չէ, քանի որ իմ անկյունից տեսել էի, որ Կարլսենը մինչեւ վեր կենալը հայացք էր գցել ժամացույցին։ Թեեւ Բուրշտեյնը չէր խմում, բայց երեկոյան մենք ստիպված մի քիչ գարեջուր խմեցինք, որ նրա նյարդերը հանգստանան։

Բուրշտեյնի լարվածությունը, իհարկե, հասկանալի է։ Եթե Կարլսենը ուշանար, հաշիվը կդառնար 2:1` առանց խաղի։ Բազմաթիվ խոսակցություններ կլինեին։ Համոզված եմ, որ Անանդն էլ տհաճությամբ կընդուներ պարտիայի նման ավարտը։ Ասեմ, որ Կարլսենի բացակայության ժամանակ Անանդը որեւէ ձեւով չարձագանքեց, նա լիովին կենտրոնացած էր պարտիայի իր նախապատրաստման վրա։


Մի խոսքով, այս իրավիճակի հետեւանքները կարող էին ծանր լինել, բայց Կարլսենը մեզ օգնեց` ժամանակին վերադառնալով:

- Այնուամենայնիվ, սպասելի՞ էր, արդյոք, Մագնուս Կարլսենի հաղթանակը։


- Աշխարհը երկու մասի էր բաժանվել այդ հարցի շուրջ. մի մասը համոզված էր, որ Կարլսենը կհաղթի, իսկ մյուս մասը մասնակիցների շանսերը 50-50 էր գնահատում։ Ես երկրորդ խմբին էի պատկանում, քանի որ Անանդի փորձը մեծ հնարավորություններ էր տալիս նրան՝ առաջ անցնելու։ Բայց նա չկարողացավ օգտագործել իր առավելությունները։


- Ի՞նչ տպավորություններ ստացաք Հնդկաստան երկրից։

- Չեննայում զբոսնելու մթնոլորտ չկար, քանի որ ամբողջ քաղաքով մեկ մետրոպոլիտենի կայարաններ էին կառուցում, փոշի էր, քամի։ Մեր հյուրանոցը կարծես կղզի լիներ, պաշտպանված էր տեղի բոլոր խմդիրներից։ Ուտելիքի առումով` հյուրանոցում հնդկական, չինական եւ իտալական ռեստորաններ ունեինք, բայց ժամանակի սղության դեպքում հնդկականում էինք ճաշում, քանի որ այնտեղ ՙշվեդական սեղան՚ էր գցած։ Մեծ քանակությամբ հնդկական կերակուրներ կային՝ չգիտեմ ինչից պատրաստված, նույն հոտով, անհրապույր տեսքով։ Խուսափում էնք այդ ուտելիքներից, քանի որ ինչքան խաղացողների համար է անցանկալի մրցախաղի ժամանակ հիվանդանալ, նույնքան էլ մրցավարների։


Մեր հանգստյան օրը` մի կիրակի առավոտյան, ես ու կինս, որն ինձ հետ գտնվում էր Չեննայում, որոշեցինք գնալ Մադրասի հայկական եկեղեցի։ Այդ եկեղեցու մասին տեղացիներից շատերը գիտեին։ Այն Հարավային Ասիայի ամենահին եկեղեցին է։ Եկեղեցին գտանք փակ, արտաքինից անհրապույր վիճակում, թեեւ ասում են, որ ներսից շատ լավ է պահպանվել։ Եկեղեցու մոտ գրված էր, որ այն 1717 թվականին կառուցված հայկական եկեղեցի է, եւ գտնվում է Հայկական անունը կրող փողոցի վրա։ Մեզ ասացին, որ եկեղեցին չի գործում, ունի միայն մի պահակ, որը մեր այցի ժամանակ տեղում չէր։ Ժամանակին տեղի հայկական մեծ համայնքից, ըստ երեւույթին, ոչինչ չի մնացել. մենք ոչ մի հայի չհանդիպեցինք, միակ հայկական հետքն էլ այդ եկեղեցին էր։

Փորձեցինք այցելել նաեւ Չեննայի մոտակա հետաքրքիր եւ պատմական վայրերը։ Չեննայից 70 կմ հեռավորության վրա հին հուշարձաններ կային։ Ես տեղի լրագրողների հետ իմ հարցազրույցում փորձեցի համեմատության եզրեր գտնել մեր Գեղարդի եւ նրանց այդ հուշարձանների միջեւ։


- Քանի որ Արոնյանը հավակնորդ չդարձավ այս տարի, Դուք աշխարհի առաջնությույունում կարծես ներկայացնում էիք Հայաստանը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Հայաստանից տարբեր մեկնաբանություններ եղան: Մի մասը շատ ոգեւորված էր իմ` արդեն երկրորդ անգամ գլխավոր մրցավար դառնալու համար, մյուսներն այս փաստն ընդունեց որպես սովորական մի բան։ Գուցե դա ավելի լավ է, քան թե բոլորի համար անակնկալ լիներ իմ նշանակումը։


Ինչ վերաբերում է Արոնյանին, ես համոզված եմ, որ հայկական շախմատային աշխարհը կգերադասեր, որ նա լիներ հավակնորդ, այլ ոչ թե ես՝ գլխավոր մրցավար։ Եվ ես էլ եմ համաձայն այդ աշխարհի հետ։

- Այս տարվա աշխարհի գավաթի ժամանակ Ժուժա Պոլգարի հետ հարցազրույցում պատմել էիք մի հետաքրքիր դեպք, թե ինչպես Երեւանում ձեր մեքենան ավտոտեսուչը կանգնեցրել էր եւ տեսնելով, որ Դուք եք ղեկին, հարցրել էր Արոնյանի վերջին արդյունքներից։ Ձեզ հետ պատահած այդպիսի էլ ի՞նչ ուշագրավ դեպքեր կհիշեք։


- Հենց մեկը Հնդկաստանից վերադառնալիս էր։ Ես ետ էի գալիս Երեւան Շարժայով: Հայտնի է, որ Շարժայից շատերը ապրանքներ են բերում վերավաճառելու համար, եւ Հայաստան մտնելուն պես հաճախ նրանց մաքսատանը կանգնեցնում են` ստուգելու համար։ Ես հետս միայն մի ճամպրուկ ու համակարգչի պայուսակ ունեի, բայց սկզբում ինձ էլ խնդրեցին, որ անցնեմ ստուգման։ Մաքսատան աշխատակիցը հարցրեց ազգանունս, ասացի` Վարդապետյան, նա էլ` Աշո՞տ։ Զարմացած ասացի` այո, նա էլ թե`դուք հանգիստ անցեք, անցեք։

- Ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար։


- Իրադարձություններով լի, իմ շախմատային կենսագրության մեջ բավականին մեծ դեր խաղացած տարի էր։ Տարվա երկրորդ կեսը շատ ծանրաբեռնված էր։ Ես համարում եմ, որ մարդու երջանկությունը զբաղվածության մեջ է, նաեւ իր կողմից ստեղծված լուսավոր ու բարի մթնոլորտի եւ շրջապատի։

 

 

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՙՇախմատային Հայաստան՚, No 49 (1096)