chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տիգրան Քոթանջյան. <<ԱՄԲՈՂՋ ՄՐՑԱՇԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՂՈՒՆԵՐԻՍ ԷՆԵՐԳԻԱՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԻՆՁ...>>

2021-Feb-28
Տիգրան Քոթանջյան. <<ԱՄԲՈՂՋ ՄՐՑԱՇԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՂՈՒՆԵՐԻՍ ԷՆԵՐԳԻԱՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԻՆՁ...>>

- Տիգրա’ն, շնորհավորում եմ Ձեզ։ Ինչպիսի՞ն են չեմպիոնի զգացողությունները։

- Շնորհակալ եմ։ Շատ վառ էմոցիաներ չեմ զգում, բայց, իհարկե, ուրախ եմ: Ինձ բավարարված եմ զգում։

- Ինչպե՞ս էր անցնում մրցաշարը Ձեզ համար։ Ինչո՞վ էր այս տարվա առաջնությունը տարբերվում նախորդներից:

- Առանց պարտության ավարտեցի մրցաշարը, կարծում եմ` լավ էր։ Ես մոտ վեց ամիս շախմատ չէի խաղացել ու անկանխատեսելի կլինեին իմ քայլերը` եթե բարդ դիրք առաջանար։ Այդ պատճառով ձգտում էի միշտ ապահով դիրքերի գնալ, շատ ուշադիր էի խաղում։
Բացի այդ, փորձում էի ստեղծագործաբար գործել, օրինակ` Ռոբերտի հետ պարտիայում b4 հետաքրքիր քայլն արեցի։ Հետաքրքիր խաղացի նաեւ Ավետիքի հետ, համարում եմ այն շատ հաջողված։ Ինչ վերաբերվում է նախորդ տարիներին, ասեմ, որ նախորդ Հայաստանի առաջնություններում ես այդքան էլ հաջող հանդես չէի գալիս։ Ինձ համար շատ կարեւոր է մեկնարկը. եթե ես մրցաշարը լավ եմ սկսում, ամեն ինչ հարթ է ընթանում։ Բայց եթե առաջին կամ երկրորդ պարտիան պարտվում եմ եւ կորցնում եմ առաջինը դառնալու շանսերս, հետաքրքրությունս միանգամից պակասում է։ Ես պետք է առաջին տեղի համար պայքարելու հնարավորություն ունենամ, այդ ժամանակ լավ կխաղամ։

- Ինչպե՞ս էիք պատրաստվել մրցաշարին։

- Մի երկու նոր սկզբնախաղ էի նայել, որ կարող էին դրանցով ինձ անակնկալի բերել։ Ես ոչ թե պատրաստվել էի, որ ինքս խոչընդոտներ ստեղծեմ հակառակորդներիս համար, այլ որ նրանք չկարողանան ինձ ՙբռնացնել՚։

- Ի՞նչ կասեք Ձեր մրցակիցների մասին։

- Բոլոր տասը գրոսմայստերներն էլ շատ ուժեղ էին, բայց կառանձնացնեմ Կարեն Գրիգորյանին։ Նրա հետ բավականին երկար պարապել եմ եւ գիտեմ, որ շատ վտանգավոր հակառակորդ է։ Նրա հետ պարտիան ինձ համար ամենաանհանգստացնողն էր։ Այն, որ խաղում էի ինձ քաջածանոթ մարդկանց հետ, ինձ օգնում էր։ Խաղի ժամանակ ես հաշվի էի առնում նրանց բնավորությունները, իմ հաշիվներն էի անում, թե ով ինչպես կխաղա։ Կարծում եմ` նույնն էլ նրանք էին անում, հաշվարկում էին իմ թույլ կողմերը։

- Վերջին տուրում հանդիպում էիք Զավեն Անդրիասյանի հետ եւ կարճ ոչ-ոքի գրանցեցիք։ Ինչպիսի՞ն էր Ձեր տրամադրվածությունը այդ խաղից առաջ։

- Տրամադրվածությունս բավականին լավ էր։ Ինձ պետք էր վերջին տուրում ոչ-ոքի անել, ինչը շատ ավելի հեշտ է, քան հաղթանակի համար պայքարը։ Ամեն դեպքում շախմատում հավասարությունը շատ մեծ է. որքան էլ լավ խաղա դիմացինդ, չի կարող քեզ հաղթել, մինչեւ դու չսխալվես։ Այսինքն` ամեն ինչ իմ ձեռքերում էր։

- Մրցաշարում լարվածությունը շա՞տ ուժեղ էր։

- Ինչքան պայքարը մոտենում էր ավարտին, այդքան լարվածությունը մեծանում էր, քանի որ իմ ցանկացած սայթաքում կարող էր հարցականի տակ դնել նախորդած բավական հաջող արդյունքս։ Այդ պատճառով աշխատում էի շատ ուշադիր խաղալ, սուր քայլերի չգնալ եւ լավ պատրաստվել հակառակորդներիս դեմ։
Հայաստանի առաջնությունն ընդհանրապես շատ լարված է անցնում, քանի որ երկրի ամենակարեւոր մրցաշարն է եւ որոշում է, թե մի տարի ինչպիսին է լինելու Հայաստանի շախմատային կյանքը։ Բոլորը շատ ավելի ուշադիր են խաղում, բայց այդ լարվածության պատճառով վրիպումների քանակն էլ է ավելանում։ Ես մի քանի լուրջ սխալ եմ թույլ տվել։ Նախավերջին տուրում Սամվելի հետ էի խաղում, լրիվ շահած դիրք ունեի, բայց զինվորս տվեցի, եւ ոչ-ոքի գրանցվեց։ Այնինչ եթե հաղթեի, դեռ այդ օրը կարող էի ամրագրել չեմպիոնությունս։ Ռոբերտի հետ պարտիայի ժամանակ արքայով գնացի c1` c3-ի փոխարեն։ Դա ամոթալի քայլ է. նավակային վերջնախաղում արքան գնաց վերջին գիծ, որպեսզի զինվորին շախով չուտեն։ Հրանտի հետ պարտիայից էլ էի դժգոհ։ Մեկ ֆիգուրի առավելություն ունեի, դիրքս լրիվ շահած էր, բայց չկարողացա այն ճիշտ օգտագործել։ Բայց, եթե հաշվի առնենք ընդհանուր լարվածությունը, այս վրիպումները բնական էին։

- Իսկ ի՞նչ կասեք Ձեր` հավաքականում ընդ•րկվելու մասին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։

- Ժամանակին հավաքականում երկու պահեստային խաղացողներ էին ընտրվում, եւ ես մեկ տարի եղել եմ երկրորդ պահեստային։ Խաղալու հերթն ինձ այդպես էլ չհասավ, բայց ավելի պարզ հասկացա, թե որքան մեծ է հավաքականով խաղալու ժամանակ լարվածությունը։ Թիմի կազմով հանդես գալը մեծ պատասխանատվություն է։ Միշտ կա այն գիտակցումը, որ միայն քեզ համար չես խաղում, եւ բոլորը քո խաղին են նայելու։ Վատ խաղը թիմի վրա ծանր է անդրադառնում։
Մինչեւ առաջիկա օլիմպիադան պետք է շախմատին շատ ժամանակ տրամադրեմ։ Հավանաբար, կխաղամ Եվրոպայի երեւանյան առաջնությունում, երեւի մի մրցաշարի էլ կմասնակցեմ։ Հուսով եմ, որ լավ հանդես կգամ օլիմպիադայում։ Ինչ ինձանից հասնում է, կանեմ, օրինակ` կուժեղացնեմ սկզբնախաղերս։ Որոշել եմ, որ ավելի ագրեսիվ եմ խաղալու սպիտակներով։ Կարծում եմ, որ թիմի կազմում պետք է ավելի լավ խաղամ, քան հիմա։

- Այնուամենայնիվ, ինչո՞վ կբացատրեք Ձեր հաջողությունը։ Պետք է ընդունենք, որ մրցաշարից առաջ Դուք ֆավորիտ չէիք համարվում։

- Ես ֆավորիտ չէի ուրիշների կարծիքով։ Ցանկացած մրցաշարում ես խաղում եմ առաջին տեղը գրավելու համար։ Ինձ համար նշանակություն չունեն վարկանիշները, հայտնի եւ ուժեղ հակառակորդները։ Կարեւորն իմ մարզավիճակն է։ Պարտիայի ժամանակ ես կենտրոնանում եմ միայն խաղի վրա, պատրաստվելու ժամանակ` միայն նախապատրաստության: Մոռանում եմ մնացած ամեն ինչի մասին, եւ ամեն ինչ լավ է լինում։

- Հայաստանի չեմպիոն դառնալը Ձեզ համար, իհարկե, մեծ հաջողություն է։ Ձեր ուրիշ ի՞նչ հաջողություններից կհիշեցնեք:

- 2009 թվականին հաղթել եմ Դուբայի բաց առաջնությունում, որը շատ լուրջ հաղթանակ եմ համարում։ Աէրոֆլոտ-օփենում եմ հաղթել, Կարեն Ասրյանի հուշամրցաշարերից երկուսում, Հայաստանի առաջնություններում երկու անգամ բաժանել եմ առաջին-երկրորդ տեղերը, նաեւ այլ միջազգային մրցաշարերում եմ հաղթող դարձել։

- Տիգրա’ն, տեղյակ եմ, որ մեղվաբուծությամբ եք զբաղվում։ Ինչպե՞ս եք համատեղում մեղվաբուծությունը շախմատի հետ։

- Պետք է ասեմ, որ իմ մեղուներն ինձ մշտական էներգիա են տալիս։ Ամբողջ մրցաշարի ժամանակ նրանց էներգիան ուղեկցել է ինձ։ Խաղալիս նայում էի շուրջս ու տեսնում էի, որ բոլորը երիտասարդ են եւ զգում էի, որ արդեն առաջվանը չէ, այն ժամանակվա պես չեմ կարողանում թեթեւ խաղալ։ Բայց բավական էր միայն հիշել մեղուներիս մասին, եւ դա ինձ օգնում էր սթափ դատել։ Ընդհանրապես մեղուների հետ աշխատելը շատ լավ է ազդում իմ ֆիզիկական եւ հոգեւոր վիճակների վրա։ Ես շատ գոհ եմ, որ մեղուներով եմ զբաղվում, առանց նրանց իմ կյանքը տխուր կլիներ։ Իսկ շախմատի հետ համատեղելը դժվար չէ։ Մեղուները իդեալական միջատներ են։ Ես 35 փեթակ ունեմ, որոնք պետք է տարվա ընթացքում միայն վեց-յոթ անգամ բացվեն եւ ամռանը մեկ-երկու ամսով տեղափոխվեն լեռներ...

Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՙՇախմատային Հայաստան՚, No 4 (1103), 2014 թ.

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր